Վրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիության ընդլայնման հարցերով գագաթնաժողովին։
Պատճառն այն է, որ կազմակերպիչները երկրին հրավիրել են ներկայացված լինել միայն ԵՄ-ում Վրաստանի դեսպանի մակարդակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Վրաստանը նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք միջոցառմանը, այդ թվում՝ կապերի ամրապնդման հարցերով նախարարական գագաթնաժողովին մասնակցելու համապատասխան մակարդակի հրավեր չի ստացել։ Հետևաբար, Վրաստանի ներկայացուցիչը նշված հանդիպմանը չի մասնակցի»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիության հետ կառուցողական համագործակցությանը և պատրաստ է մասնակցել հանդիպումներին՝ համապատասխան մակարդակով հրավեր ստանալու դեպքում։ ԱԳՆ-ի խոսքով՝ Բրյուսելին հայտնի է Թբիլիսիի դիրքորոշումը։
ԵՄ ընդլայնման հարցերով ֆորումը կանցկացվի «Ընդլայնված Եվրոպա՝ ուժեղ Եվրոպա» կարգախոսով։ Միջոցառման կազմակերպիչը ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսն է։

