Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ

Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի շտապօգնության բժիշկները ահազանգով մեկնել են Աշտարակ քաղաքի Խորենացի փողոցի հասցեներից մեկը, որտեղ քաղաքացին ոչ ադեկվատ վարք է դրսևորել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Այնտեղ «Հանրապետական շտապօգնության ծառայության» Աշտարակի կայանի հերթապահ բժիշկ, 34-ամյա Պետրոս Կ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 20։15-ի սահմաններում ստացված ահազանգով շտապօգնության բրիգադով մեկնել են նշված հասցե, որտեղ պարզվել է, որ կանչ տված անձը Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Արմեն Ս․-ն է։

Վերջինս արտաքնապես որևէ վնասվածք կամ առողջական խնդիր չի ունեցել, դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, չի պատասխանել բժշկի հարցերին և սկսել է խոչընդոտել բուժաշխատողների մասնագիտական բնականոն աշխատանքը։ Մասնավորապես՝ նա թույլ չի տվել իրեն զննել, առանց թույլտվության ինքնակամ նստել է շտապօգնության ավտոմեքենայի՝ հիվանդների տեղափոխման համար չնախատեսված՝ դիմացի նստատեղին՝ պահանջելով իրեն տեղափոխել բժշկական կենտրոն։ Այդ ընթացքում նա բուժաշխատողների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից Արմեն Ս․-ն ժամը 21։00-ի սահմաններում ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արմեն Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։