Իրանը զգուշացնում է Կասպից ծովում ԱՄՆ-ի ազդեցության ընդլայնման վտանգի մասին

Իրանը և Ռուսաստանը դեմ են Կասպից ծովի ավազանում օտարերկրյա ուժերի ներկայությանը և թույլ չեն տա, որ ԱՄՆ-ն առափնյա երկրների միջոցով առաջ մղի Իրանի դեմ իր տնտեսական ու պատժամիջոցային քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ ընդգծելով, որ Թեհրանը համապատասխան նախազգուշացումներ է փոխանցել Կասպից ծովի առափնյա պետություններին։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Փոխնախարարի խոսքով՝ Թեհրանն ու Մոսկվան այս հարցում ունեն ընդհանուր քաղաքականություն, իսկ Կասպից ծովի առափնյա հինգ պետությունները պետք է պահպանեն տարածաշրջանում օտարերկրյա ներկայությունը բացառելու սկզբունքը։

Ղարիբաբադին նշել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան ստորագրվել է հինգ առափնյա երկրների կողմից, սակայն դեռևս ամբողջությամբ ուժի մեջ չի մտել։ Իրանը ևս ստորագրել է փաստաթուղթը, բայց առայժմ չի վավերացրել այն։

Նրա խոսքով՝ չնայած կոնվենցիայի՝ իրավական ուժի մեջ չմտնելուն, այն վավերացրած երկրները չպետք է ձեռնարկեն փաստաթղթի ոգուն և դրույթներին հակասող քայլեր։ Փոխնախարարը հայտնել է, որ հարցը քննարկել է նաև Իրանում Ռուսաստանի դեսպանի հետ։

Ղարիբաբադին ընդգծել է, որ Ռուսաստանը ևս դեմ է Կասպից ծովում օտարերկրյա ուժերի ներկայությանը՝ մասնավորապես մտահոգություն հայտնելով, որ ԱՄՆ-ն կարող է առափնյա պետությունների միջոցով փորձել առաջ մղել Իրանի դեմ իր տնտեսական և պատժամիջոցային քաղաքականությունը։

Իրանցի պաշտոնյայի համոզմամբ՝ Վաշինգտոնը կարող է այդ հարցն օգտագործել Կասպից ծովի ավազանում սեփական ազդեցությունն ընդլայնելու համար։ Նա նաև հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարը համապատասխան ուղերձներ է փոխանցել Կասպից ծովի առափնյա երկրների իր գործընկերներին՝ ներկայացնելով Թեհրանի մտահոգությունները։

«Կասպից ծովը օտար երկրների ներկայության գոտի չէ, այլ դրա առափնյա երկրների անվտանգային, պաշտպանական, ռազմական, տնտեսական, առևտրային և բնապահպանական գոտին է»,- հայտարարել է Ղարիբաբադին՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ին չի հաջողվի տարածաշրջանի երկրների միջոցով առաջ մղել Իրանի դեմ իր պատժամիջոցային քաղաքականությունը։