ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը

ՔՊ-ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը։ Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամը սոցցանցի իր էջում գրում է, որ Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ խմբակցությունը պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ է հաստատելու։ Այսպիսով,

▪️Քաղաքապետի աշխատավարձը 1,320,000-ից դառնալու է 2,080,000 դրամ (աճը՝ 760,000 դրամ)
▪️Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ (աճը՝ 893,600 դրամ)
▪️Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ (աճը՝ 878,400 դրամ)
▪️Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ (աճը՝ 398,000 դրամ)
▪️Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ (աճը՝ 286,200 դրամ)

«Իսկ, օրինակ,վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում։ Այս նախագծում ոչ մի խոսք չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին։ Ոչ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին»,- գրում է Մանուկյանը։