«Հայաստան» խմբակցությունը ողջունում է «Ուժեղ Հայաստան»-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը

«Հայաստան» խմբակցությունը ողջունում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի ու Շաքիում տեղի ունեցած միջադեպի համար քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը։ 

«Այո՛, մենք միանալու ենք այդ նախաձեռնությանը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով,  բարոյահոգեբանական վիճակը, որ ստեղծվել է բանակում, որի անմիջական հետևանքը սպանություններն ու ինքնասապանություններ են, չի կարող չմտահոգել, անվտանգային այն միջավայրը, որի անմիջական հետևանքը անզգուշությամբ պատճառված մահերն են, պետք է պատշաճ քաղաքական մասնագիտական գնահատականի ենթարկվեն։

Պատգամավորի խոսքով՝ բանակում մահվան դեպքերի առկայությունը վկայում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը  կոմպետենտ չէ։

Անդրադառնալով Շաքիի դեպքին՝ Խաչատրյանն ասել է, որ դեպքը պետք է մանրամասն քննարկվի։

«Զինված ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը,  իսկ ՀՀ իշխանությունները որևէ բան չեն արել՝ հույսը թողնելով, որ 3 երեխաների մայրը զինված ասկյարին կվնասազերծի»։ ՊՆ-ի, ԱԱԾ-ի ու ոստիկանության պատասխանատու պաշտոնյաները պետք է համարժեք գնահատականի արժանանան»,- նշել է ընդդիմադիր պատգամվորը։

Խաչատրյանը վստահ է, որ ՔՊ-ն չի միանա այս հարցով քննիչ հանձնաժոողով ստեղծելու նախաձեռնությանը։