Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են շարունակել շփումները

Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են շարունակել շփումները և մի շարք գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերել Մինսկում կայացած հանդիպման արդյունքում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի բանակցությունները։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են ունեցել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությանը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Վրացական կառավարության վարչակազմը ևս հաստատել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտների արդիական հարցերն ու մարտահրավերները՝ հաստատելով մի շարք պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Թբիլիսիում ընդգծել են նաև այս ձևաչափով երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով։

Տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկման ժամանակ վրացական կողմը հատուկ կարևորել է Ժնևի միջազգային բանակցությունների դերը՝ որպես Ռուսաստանի և Վրաստանի միջև չլուծված հարցերի կարգավորման, ինչպես նաև հումանիտար և անվտանգության խնդիրների քննարկման հիմնական հարթակ։

Մինսկում կայացած հանդիպումը մեկ տարվա ընդմիջումից հետո այս ձևաչափով առաջին բանակցություններն էին։ Ձևաչափը ստեղծվել է 2012 թվականին՝ առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային հարցերի քննարկման նպատակով։

Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գեորգի Զուրաբաշվիլին վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել հոկտեմբերի 21-ին։ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդդիմախոսները նշանակումը գնահատել են որպես Մոսկվայի հետ պաշտոնական ուղիղ երկխոսության փաստացի վերականգնմանն ուղղված քայլ։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ 2008 թվականի պատերազմից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։

Քննադատության առիթ է դարձել նաև բանակցությունների անցկացման վայրի ընտրությունը։ Նախկինում այս ձևաչափով հանդիպումները հիմնականում անցկացվում էին Պրահայում։ Վրաստանի նախկին դիվանագետները Մինսկի ընտրությունը դիտարկել են որպես Թբիլիսիի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության ազդակ՝ նշելով, որ Մոսկվայի դաշնակից երկրի տարածքում, առանց միջազգային միջնորդների բանակցություններ անցկացնելը կարող է առավել նպաստավոր պայմաններ ստեղծել Ռուսաստանի համար։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է վրացական տարածքների օկուպացիան, իսկ Մոսկվան ճանաչում է Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի անկախությունը։