Փաստորեն, Պոլա Ուայթ-Քեյնը ոչ միայն այցելում է Մայր Աթոռ, այլև մասնակցում է Սուրբ և Անմահ Պատարագի

Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը․

«Սա հետաքրքիր ու կարևոր է։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 2–ին անդրադառնալով Պոլ Ուայթ-Քեյնի Հայաստան այցին ու վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը, դիտարկելով նրա մեծ դերակատարումը ԱՄՆ քրիստոնյա–սիոնիստների ազդեցիկ համայնքի մոտեցումներն ԱՄՆ վարչակազմում առաջ մղելու գործում, նաև նշել էի հետևյալը․ «Եվ այդ իմաստով նաև հետաքրքիր է, թե նա արդյո՞ք Հայաստանում գտնվելու ընթացքում կայցելի Մայր Աթոռ և հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ»։
Փաստորեն, Պոլա Ուայթ-Քեյնը ոչ միայն այցելում է Մայր Աթոռ, այլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումից բացի մասնակցում է նաև Սուրբ և Անմահ Պատարագի։
Ի դեպ, ուշադրության է արժանի նաև հաղորդագրության այս պարբերությունը․ «Նորին Սրբությունը ողջունեց հյուրի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ այն նկատելով պատեհ առիթ՝ ի մոտո ճանաչելու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիրը, հայ ժողովրդին ու նրա հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունը»։
Այդպիսով ակնարկվում է թերևս, որ Պոլա Ուայթ–Քեյնը Հայաստանի քաղաքական իշխանության հետ շփումով չի կարող պատշաճ տեղեկանալ Հայաստանի քրիստոնեական պատմությանն ու ժառանգությանը և այդ հանգամանքի ներկայիս իրողություններին։ Հաղորդագրությունը նշում է նաև, թե՝ «իր հերթին տիկին Ուայթ-Քեյնը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և կիսվեց Սուրբ Պատարագից ստացած իր տպավորություններով` ընդգծելով սրբազան արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Հյուրը երախտագիտությամբ անդրադարձավ նաև Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը, որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն»։
Ըստ էության, իհարկե ինքնին հետաքրքիր է, թե հատկապես ո՞ր կողմից է եկել հանդիպման նախաձեռնությունը։ Պոլա Ուայթ–Քեյնն է հայտնել Փաշինյանից զատ, նաև Վեհափառին հանդիպելու պատրաստակամություն, թե՞ նա պարզապես չի մերժել Մայր Աթոռի՝ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը։ Բոլոր պարագաներում, անկասկած է, որ սա երկխոսության փորձ է, որը կարևոր է ընդհուպ այն մարտահրավերների չեղակման կամ հակազդման, կամ կառավարման գործում, որ գալիս են հենց նույն քրիստոնյա–սիոնիստների համայնքի պատկերացումներից ու նպատակադրումներից։
Ինքս տարբեր առիթներով նշել եմ, որ ինչքան էլ ՀԱԵ դեմ Փաշինյանի միջոցով կիրառվող մարտահրավերները ունեն լայն աշխարհաքաղաքական ընդգրկում, այդուհանդերձ դրանց աղբյուրները այնքան բազմազան են և ըստ էության բազմակի ազդեցիկ, որ սիմետրիկ, ճակատային դիմակայության պարագայում ՀԱԵ–ն պարզապես չի ունենա որևէ շանս։ Հետևաբար, պետք է իհարկե ուշադիր, հմտորեն, զգուշորեն, բայց թերևս առաջնորդվել ասիմետրիկ դիմակայության տրամաբանությամբ և գործել մի հին իմաստնությամբ՝ «չե՞ս կարող հաղթել, պայմանավորվիր»։
Հաղթել դասական իմաստով՝ ՀԱԵ–ն չի կարող, որովհետև ասել եմ, հաղթանակն ու պարտությունը չափելի չեն պաշտոնական Երևանի հետ դիմակայությամբ։ Դա շատ նեղ և սեղմ շերտն է։ ՀԱԵ–ի համար հաղթանակը իհարկե կլինի համաշխարհային դավանա–քաղաքական քարտեզի վրա իր տեղի ու դերի վերհաստատումը։ Այդ հարցում իհարկե նա պետք է ներսում կարողանա դիմակայել իշխանության քաղաքական նկրտումներին, բայց նաև կառուցել իր դիմակայունությունը մարտահրավերների ամբողջական շրջանակի չափումով ու հաշվարկով, որը իհարկե համաշխարհային մասշտաբ է։

Ի՞նչ է ստացվել այդ առումով Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար տիկնոջ հետ այս խոսակցությամբ»։