Ձեր օդանավակայաններում ևս թռիչքներ չեն լինի. Իրանը սպառնացել է խաթարել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ Այս մասին նա հայտարարել է IRINN պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի։ Եթե հարևան երկրներն իրանական չվերթները դադարեցնելու համար միանան ԱՄՆ-ին, նրանց օդանավակայաններում ևս թռիչքներ չեն լինի»,- հայտարարել է Ռեզային։
Նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել Թեհրանը, և որ պետություններին է վերաբերում այս զգուշացումը։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց իրանական ավիացիայի նկատմամբ պատժամիջոցային ճնշման ընդլայնման մասին։ Նրա խոսքով՝ երկրորդային պատժամիջոցների և դոլարային համակարգից զրկվելու սպառնալիքի տակ օտարերկրյա օդանավակայաններին ու սպասարկող ընկերություններին արգելվում է լիցքավորել իրանական ինքնաթիռները, ցուցաբերել վերգետնյա սպասարկում և վաճառել դրանց տոմսերը։
Սահմանափակումների ուժի մեջ մտնելուց հետո չեղարկվել են Թեհրանից դեպի Բաղդադ և Մասկատ չվերթները։ Իրանի ավիացիոն իշխանությունները բանակցություններ են սկսել Իրաքի մայրաքաղաքի չվերթները Նաջաֆի օդանավակայանով հնարավոր վերաուղղորդելու շուրջ։
Միևնույն ժամանակ, միջազգային երթուղիների մի մասը շարունակել է գործել։ Իրանական ավիափոխադրողները պահպանել են դեպի Չինաստան, Թուրքիա, Հայաստան և ԱՄԷ իրականացվող առանձին չվերթները։

