Վահագն Խաչատուրյանը և չեխ սենատոր Վիստերչիլն անդրադարձել են հարևանների հետ ՀՀ-ի հարաբերություններին
Չեխիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի Սենատում հանդիպել է Սենատի նախագահ Միլոշ Վիստերչիլի հետ, որին մասնակցել են նաև երեք փոխնախագահները։
Պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով, որի ընթացքում Սենատի նախագահը, ողջունելով Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Չեխիա, շնորհակալություն է հայտնել Սենատ այցելելու և հանդիպման հնարավորության համար։
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղություններին, շեշտվել է խորհրդարանական համագործակցության ընդլայնման կարևորությունը, Ժողովրդավարական ինստիտուտների կայացումը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանի հայեցակարգային մոտեցումն ու արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքը՝ խաղաղ գոյակցության, տարածաշրջանային համագործակցության զարգացման, հարևանների և տարածաշրջանի բոլոր երկրների հետ հակադրության բացառման ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման մեջ է։

