Նկատե՞լ եք, թե Հայաստանի զինված ուժերում մահերը ինչ «սովորականություն» են ստացել նաև հասարակական ակտիվի շրջանակում

Երեկ հայտնի է դարձել բանակում նոր զոհի մասին։ Քննչական կոմիտեն տարածել է մի կցկտուր հաղորդագրություն, մահացածի անվան առաջին տառերով, ինչպես քրեական կամ ավտովթարների քրոնիկոնում։ Այս մասին գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Հայաստանի պաշտպանության նախարարության, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջերը ավետում են, որ շուտով մեկնարկում են վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային ինչ որ խաղեր։ Բանակում մահվան նոր դեպքի մասին ոչ մի խոսք։
Նկատե՞լ եք, թե Հայաստանի զինված ուժերում մահերը ինչ «սովորականություն» են ստացել նաև այսպես կոչված հասարակական ակտիվի շրջանակում։ Այդ հարցերին անդրադառնում են բացառիկ, հազվադեպ սկզբունքային իրավապաշտպաններ, որոնք միշտ են ուշադրության կենտրոնում պահել այդ թեման, անկախ, թե ով է իշխանություն։ Իսկ մինչև 2018–20 թվականները բանակում մահվան դեպքերի և անգամ տարբեր միջադեպերի շուրջ աղմուկ–աղաղակով «տուն պահող» բազմաթիվ իրավապաշտպաններ կամ պարզապես «քաղակտիվիստներ» ներկայումս բոլորովին այլ տրենդի մեջ են, որովհետև նրանց գործը եղել է քաղաքական, ֆորման է եղել քաղաքացիական։
Իսկ հայկական բանակը այդ «պլադայի» աղմուկը հովանավորած շրջանակների համար իր գործը «կատարել» է՝ պարտվել է պատերազմը։ Դա է եղել տարիների աղմուկ–աղաղակի բուն թիրախը, ոչ թե բանակում զինվորի արժեքը։
ՀԳ Իհակե ավելորդ չեմ համարում ընդգծել ու հստակեցնել, որ հայկական բանակի պարտվելու մասին ձևակերպումս փոխաբերական է։ Փոխաբերական այն իմաստով, որ բանակը իհարկե ինքը ոչ միայն չի գնացել պարտության, այլ անհավասար իրավիճակում կռվել է անձնուրաց։ Դրա համար էլ «կատարելը» վերցրել եմ չակերտների մեջ, որովհետև տարիներ շարունակ պարզապես փորձ է արվել բանակի հանդեպ ձևավորել այնպիսի միջավայր, որը «կապահովեր» բանակի պարտությունը՝ երբ գար սահմանված ժամանակը։ Ու այն կարողացան բերել, դժբախտաբար»»,- գրում է քաղաքագետը։