«Վեոլիա Ջուր»-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերի մասին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում, կատարված հետազոտությունների արդյունքներով՝ Բյուրեղավան համայնքում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։

«Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։

Հորդորում ենք բնակիչներին հետևել բացառապես պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին՝ չճշտված տեղեկությունների տարածումից և անհարկի անհանգստությունից խուսափելու համար»,- նշված է «Վեոլիա Ջուր» ընկերության հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ: Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: