Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել. «Հրապարակ»
Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով») հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, նա, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձից իր անձնական օգտագործման համար ձեռք է բերել և ապօրինի պահել է խոշոր չափերի՝ 0, 335 գրամ քաշով «a-PVP» կրճատ անվամբ տեսակի թմրամիջոց:
Թմրանյութը հայտնաբերվել է 2026 թ․ ապրիլի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված վերջինիս անձնական խուզարկությամբ:
Ադրբեջանցի Վագիֆ Գուսեինովը ծնվել է 1992-ին, Վրաստանի Հանրապետությունում, միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատված չի եղել, ՀՀ-ում չի աշխատել, ՀՀ-ում հաշվառում չունի, բնակվել է Երևանի Մամիկոնյանց փողոցում: Նախնական դատալսումների ընթացքում նա ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն՝ հայտնելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, ամբողջությամբ համաձայն է ներկայացված մեղադրանքի հետ, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված վարույթ կիրառելու հետևանքները և այլն:
Հանրային մեղադրող Վ. Մովսիսյանը չի առարկել արագացված վարույթ կիրառելու դեմ:
2026թ․ հունիսի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գ․ Պողոսյանը վճռել է Վագիֆ Գուսեինովին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 19-ապատիկի՝ 1 միլիոն 425 հազար ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվի առնելով Վ. Գուսեինովի 1 ամիս 27 օր ժամանակով փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ նրան ազատել նաև իր նկատմամբ տուգանքի ձևով նշանակված պատիժը կրելուց:
Վագիֆ Գուսեինովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխել և որպես այլընտրանքային խափանման միջոց՝ կիրառել բացակայելու արգելքը, որը թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ վճռի դեմ մեղադրող Վ․ Մովսիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով մասնակի բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2026թ. հունիսի 2-ին կայացրած դատավճիռը, Վ․ Գուսեինովի նկատմամբ նշանակել պատիժ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար, վերջինիս նկատմամբ նշանակել պատիժ՝ 1 տարի ժամկետով ազատազրկում։
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ քրեական վերաքննիչ դատարանում սույն գործով հուլիսի 13-ին նիստ է կայացել, հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 22-ին։
Դե, ազգությամբ ադրբեջանցի թմրանյութ օգտագործողը հո հայ ընդդիմադիր չէ՞, որ դատարանն ամիսներով նրան կալանքի տակ պահեր և վերջում խիստ պատիժ նշանակեր: Դատարանն առաջնորդվել է ՀՀ իշխանությունների ադրբեջանցիների հանդեպ սիրո և հանդուրժողականության զգացումներով և մեղմ պատիժ է սահմանել, ավելի ճիշտ ազատել է պատժից:
«Հրապարակ օրաթերթ»

