«Հայրենադարձության շերտերը». Գիտաժողով Մեծ հայրենադարձության պատմական ժառանգության շուրջ

Հուլիսի 2-ից 4-ը Հայաստանի պատմության թանգարանում անցկացվեց Մեծ հայրենադարձության 80-ամյակին նվիրված «Հայրենադարձության շերտերը» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էր ավելի քան 40 հետազոտող Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից։ Գիտաժողովին զուգահեռ բացվեց «Հայաստան. բաց դուռ» ժամանակավոր ցուցադրությունը՝ «Ֆակտում» փաստագրական կենտրոնի հետ համագործակցությամբ։

Գիտաժողովին մասնակցեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտքարտուղար Նարինե Մարգարյանը, ավագ գիտաշխատողներ Թեհմինե Մարտոյանը և Էլինա Միրզոյանը:

Պ.գ.թ. Նարինե Մարգարյանը ներկայացրեց ՀՑԹԻ հավաքածուում պահվող՝ ցեղասպանությունը վերապրած հայրենադարձների հուշագրական ժառանգությունը՝ սպասումների և իրականության բախման պատումների համատեքստում։

Պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանն անդրադարձավ իր Մնացական պապի փորձառությանը՝ ներկայացնելով տունդարձի ճանապարհը, գաղափարական պատնեշների փլուզումն ու հոգեբանական դիմակայության հետագիծը:

Բ.գ.թ., դոցենտ Էլինա Միրզոյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը վերապրած հայրենադարձների պատմությունն Ուջան գյուղում՝ Սասունից Ուջան վերապրումի, հայրենադարձումի և հետհայրենադարձական շրջանի պատմացեղասպանագիտական համապատկերում: Հեղինակն այս թեման լուսաբանեց ոչ միայն որպես հետազոտող, այլև որպես նրանց շառավիղ։

Ներկայացված զեկուցումները գրախոսվելուց հետո կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական գիտական ժողովածուի հերթական համարում։