Տեր Գարեգին քահանա Արսենյանին թույլատրվեց այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի
Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողության սահմանափակումները մեղմացվեցին։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մասնակի բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ տեր Գարեգինի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողությունը վերացնելու վերաբերյալ։
Տեր Գարեգինին թույլատրվում է այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի, պատարագներ մատուցել՝ բացառելով այլ հոգևորականների հետ շփումը։
Այսօր ցուցմունք էր տալիս գործով «տուժող» Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե- խմբ․), որը հայտարարեց, թե իր համոզմամբ՝ տեր Գարեգինն առհասարակ այս մեղադրանքի հետ կապ չունի, և եթե ինքը որոշելու լիներ, նա այստեղ չէր լինի։ Նշեց նաև, որ տեր Գարեգինի հոգևոր ծառայության վերադառնալը որևէ կերպ չի կարող իր վրա բացասական ազդեցություն ունենալ։ «Ես երկու վերադաս ունեմ՝ Մկրտիչ եպիսկոպոսը և Ամենայն հայոց կաթողիկոսը, իրենց խոսքն է ինձ համար վճռորոշ»,- ասաց կարգալույծ նախկին քահանան։
Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 19-ին։
Հիշեցնենք, որ «հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում 2025–ի հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահները գործողություններ էին իրականացրել:
Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ»:

