Փարիզը քննարկում է հայ գերիների և Արցախի մշակութային ժառանգության հարցերը. Բաքվի նյարդային արձագանքը
Բաքվից արձագանքել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պատասխաններին, որոնք հունիսի 23-ին հրապարակվել են խորհրդարանի կայքում՝ ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին։ Քննարկվող խնդիրները վերաբերում էին ԼՂ տեղահանված հայերին, հայ գերիների ճակատագրին և նրանց ազատ արձակմանը, հայ կրոնական և մշակութային ժառանգությանը, մարդու իրավունքներին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում և մարդու իրավունքներին Ադրբեջանում։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարում է, թե այդ հայտարարություններն իբր «անհիմն են և օրինակ են այն «կողմնակալ» մոտեցման, որը ֆրանսիական կողմը վաղուց ցուցաբերել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ»։
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ «Ֆրանսիան շարժվում է հնացած քաղաքական մոտեցումներով»։

