Պատրաստ ենք ապահովել Բելառուսի անվտանգությունը. Լավրով

«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է ապահովել Միութենական պետության անդամ իր դաշնակցի անվտանգությունը»,- այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարություններին։

Անցած շաբաթավերջին Զելենսկին վերջնագիր էր ներկայացրել պաշտոնական Մինսկին՝ պահանջելով ապամոնտաժել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով տեղակայված հաղորդիչ կայաններն ու ալեհավաքները, որոնք, նրա խոսքով, «համակարգում են ռուսական անօդաչու թռչող սարքերի գործունեությունը»։

Զելենսկին Բելառուսից պահանջում է հեռացնել ռուսների հարվածները ճշգրտող տեխնիկան:
Լավրովի պնդմամբ՝ Ուկրաինայի նախագահի այս քայլի նպատակը ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնումն է։

«Ակնհայտ է, որ նման քայլերը նպատակ ունեն Բելառուսն ուղղակիորեն ներքաշել այս հակամարտության մեջ»,- հայտարարել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։