Այն, ինչ տեղի է ունենում Հայաստան-ՀԱՊԿ տիրույթում, միանգամայն համաձայնեցված է․ Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ասում է, թե՝ եթե ՀԱՊԿ երկրները մեզ դուրս հանեն, մենք ստիպված կընդունենք դա ի գիտություն:
Ի՞նչ է նա ասում ըստ էության: Այն, ինչի մասին ես խոսում եմ 2022 թվականի հոկտեմբերից՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստան-ՀԱՊԿ տիրույթում, տեղի է ունենում միանգամայն համաձայնեցված: Ավելին ասեմ, այդ համաձայնության ողնաշարը կազմվել է 2022 թվականի նոյեմբերին Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Պուտինի ծառայական ավտոմեքենայում, որով Զվարթնոց օդանավակայանից դեպի Դվին հյուրանոց գնացին Փաշինյանն ու Պուտինը:
«Ինքնիշխանության» ապոլոգետների մոտ հարց չառաջացավ, թե ինչո՞ւ Փաշինյանը որոշեց այդ օրը գնալ ու օդանավակայանում դիմավորել Պուտինին, երբ դրանից առաջ մեկ այլ առիթով նա չէր գնացել Պուտինին դիմավորելու:
Հիմա Փաշինյանն ասում է՝ եթե մեզ դուրս հանեն, ուրեմն կընդունենք ի գիտություն: Այնպես, ինչպես ի գիտություն են ընդունել սառեցնելը: Ասվել է սառեցնել, սառեցրել են, կասվի դուրս եկեք՝ դուրս կգան»:

