Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով
Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ռ․Ս․-ն (Ռուբեն Սինոյան․-Խմբ․) 1997-2005 թվականները զբաղեցնելով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի պաշտոնը, ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ՝ Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին սեփականության իրավունքով հանձնված՝ Զաքարիա Սարկավագի փողոցի 50 հասցեում գտնվող՝ 113 մլն 900 հզր ՀՀ դրամ շուկայական արժեքով, 16-րդ պոլիկլինիկայի 2370 քմ մակերեսով անավարտ շենքը 2003 թվականի մայիսի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա օտարել է 9 մլն 218 հզր 600 ՀՀ դրամով։
Արդյունքում, էական վնաս է պատճառվել համայնքում բնակարանային հաշվառման վերցված կարիքավոր ընտանիքների իրավունքներին և օրինական շահերին՝ վերջիններիս զրկելով բնակարաններից, իսկ Երևանի քաղաքապետարանը զրկվել է Հայաստանի խուլերի միավորման բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանված կարգով հատկացնելու համար 10%-ը տնօրինելու հնարավորությունից։
Ռ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։
Ռ․Ս․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

