Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակարգողից ահազանգ է ստացվել Հոլանդիայի դրոշի ներքո նավարկող զբոսանավում ծանր սուր շնչառական հիվանդությունների կլաստերի վերաբերյալ։

Նավարկությունը սկսվել էր Արգենտինայի Ուշուայա քաղաքից։ Նավում գտնվել է 147 մարդ՝ 88 ուղևոր և 59 անձնակազմի անդամ՝ շուրջ 23 տարբեր ազգություններից։

Մայիսի 6-ի դրությամբ արձանագրվել է հիվանդության 7 դեպք՝

 2 լաբորատոր հաստատված հանտավիրուսային դեպք

 5 կասկածելի դեպք

 3 մահվան դեպք

 1 ծանր վիճակում գտնվող պացիենտ

 3 թեթև ախտանիշներով անձ

Հիվանդությունը դրսևորվել է տենդով, ստամոքս-աղիքային ախտանիշներով, թոքաբորբի արագ զարգացմամբ, սուր շնչառական դիսթրես համախտանիշով և շոկով։

Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է, որը հազվադեպ դեպքերում կարող է փոխանցվել նաև մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման պայմաններում։

Հիմնական փոխանցման ուղին շարունակում է մնալ վարակված կրծողների մեզի, կղանքի կամ թքի հետ շփումը։

Եվրոպական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայումս ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։

Իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ, իսկ նավում գտնվող անձինք շարունակում են գտնվել հսկողության ներքո։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ևս իրավիճակը վերահսկելի է, և բնակչության համար վտանգ չկա։ Հանտավիրուսի տարածման ռիսկը մեր երկրում ներկայումս գնահատվում է ցածր, իսկ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական զարգացումներին։

ԱՀԿ-ն այս պահին խորհուրդ չի տալիս կիրառել որևէ ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակում։