Արարատի մարզի դատախազը ևս ազատվել է աշխատանքից
Հինգերորդ պաշտոնանկությունը՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի հետևանքով
Արդեն հինգերորդ պաշտոնանկությունը՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի հետևանքով։ Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, «Ազատությանը» հայտնել են գլխավոր դատախազությունից:
Երեկ աշխատանքից ազատվել էին նաև՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ Արմեն Մկրտչյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը:
Արարատի մարզի Վեդի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին ահազանգեր ներկայացրել է Վեդիի դպրոցը դեռևս փետրվարի 12-ին։ Անչափահասների փաստաբանների պնդմամբ՝ իրավապահների անգործության հետևանքով բռնությունը շարունակվել է մինչև ապրիլի 22-ը:
Գործը տեղից շարժվեց լրագրող Սյուզի Բադոյանի, ապա նրան միացած փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանի ու Վարդուհի Էլբակյանի բացահայտումներից հետո:
Ենթադրյալ բռնարարները երեկ կալանավորվել են երկու ամսով:

