Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան

«Խաղաղությունը կորուսյալ դրախտի հիշողությունն է և մարդու բնական զգացումն ու ձգտումը` վերադառնալ Աստծու խաղաղ ներկայության մեջ, որը սակայն նվաճվում է պայքարով թե՛ ներքին և թե՛ արտաքին` հոգևոր և մարմնավոր: «… հաստատուն եք մնում մե’կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար: Երբեք մի՛ վախեցեք… մղելով նույն պատերազմը, որ ես եմ մղում, ինչպես անցյալում տեսաք և այժմ էլ լսում եք» (Փիլիպ. 1:37-39), այսինքն` մեղքից ազատագրված լինելով` հասնելու ամբողջական, հաղթանակած, արդար, ապահով և երաշխավորված խաղաղության:

Սա մի ամբողջական հասկացություն է, և վերոնշյալ հատկանիշներից որևէ մեկի բացակայությունը չի նպաստի վերջնական և հաստատուն խաղաղության հաստատմանը:

Մարդն ինքնին միկրոտիեզերք է, նաև` մանրապատկերը հավաքական մարդկության, հետևաբար, այն, ինչ տեղի է ունենում անհատի կյանքում, լայնորեն արտահայտում կամ խորհրդանշում է հավաքական կյանքը: Այս իմաստով անհատի խաղաղության ձգտումը ուղիղ համեմատական է հասարակության խաղաղության ձգտմանը. «… եւ որպէս առ մի մարդ`այսպէս առ բոլոր աշխարհս» (ինչպես մեկ մարդու դեպքում, այսպես է նաև հավաքական իմաստով) (Եղիշե, էջ 15):

Սուրբգրային ընկալմամբ և հոգևոր փորձառությամբ խաղաղության վերականգնումը կամ կորուստը պայմանավորված է մեղքի դեմ պայքարով` կա’մ նրանից ազատագրվելով, կա’մ նրան հանձնվելով, որը համապատասխանաբար կոչվում է փրկություն կամ քայքայում:

Հատկանշական է, որ մեղքը պատճառ դարձավ ոչ միայն մարդու անկմանը, այլև հատկապես երկրի` ժառանգության կորստին: Միանշանակորեն հողեղեն մարդը, հոգևոր էակ լինելով, նրա օրհնության արժանանալը կամ պատժվելը նույնական է հողի, տարածքի, երկրի, Հայրենիքի ձեռքբերման կամ ազատագրման և կամ կորստի, ժողովրդի աճի կամ նվազման հետ, ըստ այդմ էլ` տնտեսության և հարստության ձեռքբերման կամ կորստի հետ: Օրհնության ցուցիչը կամ արդյունքը հողի ձեռքբերումը, ընդլայնումը կամ ազատագրումն է. «…ինչ որ պատվիրեմ ձեզ, կատարե’ք ըստ ամենայնի և դուք իմ ժողովուրդը կլինեք և ես ձեր Աստվածը: Կհաստատեմ իմ երդումը, որ երդվեցի ձեր հայրերին` տալու նրանց այն երկիրը, որը մեղր և կաթ է բխեցնում, ինչպես և այսօր» (Երեմիա 11:5) և «Այլևս չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ. Քեզ պիտի կոչեն Իմ Կամքը, իսկ քո երկիրը` Շեն բնակություն» (Ես. 62:4):

Իսկ պատժի ցուցիչը կամ հետևանքը հողի և Հայրենիքի կորուստն է և գերությունը. «…Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով` նրանք պիտի տկարանան` մտնելով այն շավիղները, որոնցով գնալու ճանապարհ չկա, իրենց երկիրը պիտի ենթարկվի կործանման և ծաղրի» (Երեմիա 18:15-16):

(Ըստ էության այն, ինչ պատահեց մեզ հետ)

Այսուհանդերձ, խաղաղությունը մեկուսի, առանձին դիտարկված` առանց Հաղթանակի, արդարության և ճշմարտության ու իրավունքի, ապահովության կամ երաշխավորության կեղծ, մակերեսային, պատրանքային, անհասկանալի և անորոշ երևույթ է:

Այսպիսով հստակ է, որ խաղաղության բարձրագույն և բարձրարժեք հոգևոր գաղափարը վերացական երևույթ չէ, այլ` նյութական արտահայտությամբ շոշափելի և խիստ չափելի արժեք:

Շարունակելի…»։

Բագրատ արք. Գալստանյան