Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և ներկա կլինի մեծ համերգի
Մայիսի 3-5-ը Երևանում կայանալու է եվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողով, որի շրջանակում Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Այդ կապակցությամբ իրականացվելու են բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ ներառյալ համերգներ, որոնցից մեկը՝ Գյումրիում: Համերգի կազմակերպումը Գյումրիում պայմանավորված է այն հանգամանքով, որ Ֆրանսիայի նախագահը այցելելու է նաև Գյումրի:
Կառավարության օրակարագում ներառված նախագծերից մեկի համաձայն, մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը: Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ։
Համերգի կազմակերպման համար կհատկացվի 392 897.7 հազար դրամ գումար։ Կարգավորումն ունի ֆինանսատնտեսական բնույթ և ուղղված է արդյունավետորեն ապահովելու պետական կարևորության մշակութային միջոցառումը։
«Նախագծի իրականացումը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը և համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի միջազգային ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը։
Ծրագիրը նաև կնպաստի Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության բարձրացման համար։
Գյումրի քաղաքը ընտրված է ոչ պատահական․ այստեղ մեծ է սերն ու հետաքրքրությունը ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի նկատմամբ, ինչը պայմանավորված է 1988 թվականի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում Ֆրանսիայի ժողովրդի և կառավարության կողմից ցուցաբերած աջակցությամբ։
Նախագծի իրականացումը կնպաստի նաև 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի հաջող կազմակերպմանը և Հայաստանի հանրահռչակմանը որպես ֆրանկոֆոն արժեքներ կրող երկիր»,- նշված է նախագծում։

