Մեր երազանքների չքնաղ Երկրից նա կերտելու է «Երկրի հակառակ կողմի» իր «իրական, աստառային Հայաստանը»

Սկզբունքորեն` անսկզբունք Նիկոլ Փաշինյանը եկել է մեզ ցույց տալու մեր “Երկրի հակառակ կողմը”, բացահայտելու՝ թաքնված, ծպտված վախկոտ ու բանսարկու հային, նրա անարժան հատկանիշները, նրա դրամասիրությունն ու պատեհապաշտությունը, նրա անհայրենասիրությունն ու դավաճանությունը, նրա ստրկամտությունը։ 

Տոտալիտար համարվող խորհրդային միությունը, ի զարմանս մեզ, մեր մեջ դաստիարակել էր այնպիսի պատվախնդրություն ու հայրենապաշտություն, որ Հայրենական պատերազմից հետո մեր փոքրիկ երկիրը արդյունաբերական էր ու ինտելեկտուալ, արվեստն ու սպորտը բարձրագույն մակարդակի վրա էին, քաղաքացիները՝ անվերապահ նվիրված էին իրենց գործին ու Երկրին։ Ես հիշում եմ, թե օլիմպիական մեդալների ինչպիսի բերքահավաք էր 1980-ին, ինչպիսի թատրոն ու գրականություն ունեինք, ինչպիսի ինստիտուտներ ու միջուկային արագացուցիչ, ինչպիսի, ինչպիսի, ինչպիսի․․․

Եվ, պատահական չէ, որ այդ սերունդներն էին, որ “Վարդանանքով” ու Անլռելի Զանգակատնով”, Շիրազով ու Չարենցով, Սահյանով ու Հրանտ Մաթևոսյանով, Շավարշ Կարապետյանով ու Արարատ 73-ով, ու շատ այլ արժեքներով դաստիարակված, լծվեցին Արցախյան Ազատագրական Սուրբ պայքարին ու հաղթանակներ տարան, հնարավորություն տվեցին Հային՝ վայելել այդ հաղթանակների բերկրանքը, դադարել լացուկոծից, գիշատիչ լինել, ոչ թե զոհ։ Եվ ես, որ իմ ամբողջ բանական կյանքը ծառայել եմ այս գաղափարներին, պայքարել հանուն անկախության, այսօր զարմանում եմ, որ անկախության մեր սերունդը սուվերենության իր ընթացքին վիժեց, սպրդեց ղեկավարի այս տեսակին, ով եկել է, ու Հայաստան աշխարհը համապատասխանեցնում է իր նստատեղին։ 

Նա գիտի, որ իմ, մեր պատկերացրած Հայաստանում մեկ քառակուսի մետր տարածք չկա նրապեսների համար, ուստի մեր երազանքների չքնաղ Երկրից նա կերտելու է “Երկրի հակառակ կողմի” իր “իրական, աստառային Հայաստանը”։ Նա, նման է այն թուլամորթ ծույլին, ով միրգը քաղելու համար ծառը կտրելու է։ Նա դեռ չի ասում, թե ինչեր կանի, եթե հաղթի ընտրություններում։ Այդ մասին լոկ Ալիևը գիտի, և գուցե Էրդողանը։

Ընդդիմությունը, պիտի լավ հասկանա այս գեհենի մասշտաբները, և միավորվելու, համատեղ կոորդինացնելու քայլեր ձեռք առնի։ Մենք պարտվելու իրավունք չունենք։ Նիկոլի ընտրությամբ Հայաստան պետությունը դադարելու է գոյություն ունենալ։ Եւ հարցը շատ բարդ է։ Աշխարհը փոխվում է անասելի արագությամբ։ Մեր առջև տիտանական մարտահրավերներ են՝ դեմոգրաֆիայից մինչև աշխարհաքաղաքական հիմնահարցեր, տնտեսական ճգնաժամներ ու պատերազմներ, հարևանների ու թշնամիների տեխնոլոգիական վերելք ու զինատեսակների անասելի զարգացումներ։ 

Ես այս ամենին կանդրադառնամ դեռևս, սակայն ամենակարևորն այն է, որ, եթե հաջողվի սրանց թիմին հաղթել, ապա, հարկավոր է գիտակցել, որ ապագայի իշխանությունների առջև ծառացած Արևմուտք-Արևելք դիլեման պարզ գծային լուծումներ չունի։ Եթե կարծում եք մեր փրկությունը Ռուսաստանի մեջ է, ապա Ռուսաստանին Հայաստանը հետաքրքրում է որպես մանրադրամ, աշխարհաքաղաքական իր հարցերը լուծելու համար։ Արցախի ճակատագիրը Ձեզ օրինակ։ Եթե կարծում եք Արևմուտքի մեջ է, Արևմուտքը մեզ զիջելու է “Թուրան” ծրագրին ու լկտիաբար աջ է քաշվելու։ Միայն մեկ եղանակ կա այս ամենին դիմակայելու համար՝ ձևավորել ուժեղ ազգային իշխանություն, միավորել հայաստանն ու սփյուռքը այնպես, որ Հայաստան ասելիս՝ օտարը հասկանա Համաշխարհային Հայություն իր կենտրոնաձիգ կառույցներով կամ՝ հզոր “Հայկական գործոն”։

Այս գործոնի ձևավորումը կանխելու համար է Նիկոլը վերացնում սփյուռքյան միասնությունն ու կառույցները ապա՝ հարվածում Եկեղեցուն։

Շատ կարևոր է, որ աշխարհի հզորների հետ խոսելու համար համապատասխան ծանրակշիռ լիդեր ունենանք։ Այսօրվա կապիկության մակարդակը ներելի չէ մեզ համար և մեզ պատիվ չի բերում այն, ինչի ականատեսը եղանք Պուտին Փաշինյան, կամ այն, ինչ տեսել ենք Ալիևի ու Էրդողանի հետ ունեցած հանդիպումների ժամանակ։ Եթե Ապագայի իշխանությունը անգամ ռուսամետ լինի (ենթադրում եմ, որ այդպես էլ կլինի), պիտի գիտակցի, որ առաջին տեղում Հայաստանն է, որ ծայրահեղությունների մեջ ընտրություն կատարելով, այդ ընտրությունից անհրաժեշտ կլինի հրվել դեպի կենտրոն։ Չի կարելի ամբողջությամբ տրամադրվել Ռուսաստանին, այն էլ՝ այսօրվա Ռուսաստանին, և ես սրանում համոզված եմ։ Համոզված եմ նաև, որ Թուրքիան, որպես ռազմավարություն՝ բացառվում է, քանզի Թուրքիան ինքնահաստավելու ու գոյատևելու մի եղանակ ունի՝ Դա Հայերիս բնաջնջումն է։ 

Դավիթ Վանյան