Բագրատ Սրբազանի կալանքը դատավոր Ֆարխոյանը երկարացրեց ևս 2 ամսով

18 արդարների գործով դատարանն այսօր քննում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը:

«Այս պահին գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, և նախորդիվ դատարանի կողմից արձանագրված հիմքերն ու պայմանները` մասնավորապես վարույթին խոչընդոտելը, Քրեական դատավարության օրենսգրի 43 հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու վերաբերյալ չեն վերացել ու փոփոխվել։ Այսինքն, իրավաչափության պայմանները չեն փոխվել, խափանման միջոց կալանքը կերկարաձգվի»,– ասաց դատավոր Ֆարխոյանը։

Դատական նիստին Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ընդդիմությանը՝ մասնավորապես նշելով.

«Ուզում եմ դիմել ամբողջ ընդդիմադիր դաշտին։ Համարում եմ, որ դուք հայրենատեր մարդիկ եք։ Հատկապես այս օրերին՝ Ցեղասպանության սուրբերի հայացքի ներքո՝ իրար մի՛ թիրախավորեք, իրար կյանք մի՛ կերեք։ Ձեր կյանքն անձնական և ոչ էլ անցած ճանապարհը ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքը ու մեր գոյությունն են։ 

Դուք ունեք մի թիրախ, մի չարիք, ինչպես այսօր հռչակել եք՝ մեկ դատ, մեկ պայքար, ես էլ ավելացնում եմ՝ մեկ հաղթանակ։

Այդ հաղթանակի հետևից գնացեք, իրար հետևից մի՛ գնացեք։ Համախմբվեք այս սրբերի բարեխոսության և հովանու ներքո։ Վերջապես մի ժամանակ թող գա, որ դուք՝ յուրաքանչյուրդ, այո, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ ձեզ ավելի քիչ գնահատեք, քան մեր պետությունն ու երկիրը, հայրենիքը և այս ժողովուրդը։ Քիչ գնահատեք ձեզ։ Ձեր կյանքը ոչ մի բանի արժեք չունի։ Խոտի պես, ծաղիկի պես… եկող-գնացող կյանք է մեր կյանքը։ Հավաքվե՛ք, թողե՛ք ձեր մեղքերը մի կողմ և մեղքերով իրար հետ մի հարաբերվեք։ Արդարությամբ հարաբերվեք։ 

Եվ այո, հաղթանակն էլ չի ուշանա»։