Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել

Լիբանանի հարավում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է լրագրող Ամալ Խալիլը, իսկ նրա գործընկեր Զեյնաբ Ֆարաջը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al-Akhbar լրատվական կայքը:

Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Բինթ Ջբեյլ շրջանում։

Հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական ուժերը հետապնդել են Խալիլին և Ֆարաջին, որոնք առաջին ավիահարվածից ապաստան էին գտել մոտակա տներից մեկում, սակայն այդ տունը ևս հայտնվել է իսրայելական ուժերի թիրախում։

Չնայած 10-օրյա հրադադարին՝ իսրայելական ուժերը շարունակում են հարձակումներ իրականացնել Լիբանանի վրա։

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ մարտի սկզբից՝ պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2454 մարդ։

Ապրիլի 14-ին Միացյալ Նահանգներում տեղի էին ունեցել Իսրայելի և Լիբանանի միջև 43 տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները։ Երկու կողմերը ներկայացված էին դեսպանների մակարդակով։

Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է Վաշինգտոնում ապրիլի 23-ին։