ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի չորս հավակնորդներն այս շաբաթ կմասնակցեն լսումների

ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող չորս թեկնածու այս շաբաթ կմասնակցի լսումների, որի արդյունքում ընտրվում է կառույցի նոր ղեկավարը։ Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, այս թիվը զգալիորեն պակաս է 10 տարի առաջվա ցուցանիշից, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվեց Անտոնիու Գուտերեշը։

Առաջինը գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող թեկնածուներից Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետն է, ով ապրիլի 21-ին կհանդիպի ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների դեսպանների հետ երեքժամյա հարց ու պատասխանի նիստի ժամանակ։ Նրան կհաջորդի ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսին Արգենտինայից։

Արդեն ապրիլի 22-ին Գլխավոր ասամբլեայի դահլիճում ելույթ կունենա ՄԱԿ-ի առևտրի քարտուղար Ռեբեկա Գրինսպանը, որին կհաջորդի Սենեգալի նախկին նախագահ Մաքի Սալը։

Այս շաբաթվա նիստերի ժամանակ չորս թեկնածուներին հարցեր են ուղղելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կատարելիք աշխատանքի վերաբերյալ իրենց տեսլականի, համաշխարհային թեժ կետերի, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության ապագայի վերաբերյալ։

74-ամյա Բաշելետը, որը Չիլիի նախագահի պաշտոնում երկու ոչ անընդմեջ ժամկետով պաշտոնավարելուց հետո ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն էր, սկզբում առաջադրվել էր Չիլիի, Բրազիլիայի և Մեքսիկայի կողմից։ Սակայն, երբ Չիլիի ծայրահեղ աջակողմյան առաջնորդ Խոսե Անտոնիո Կաստը մարտին դարձավ նախագահ, նրա կառավարությունը դադարեցրեց ձախակողմյան Բաշելետին աջակցությունը։ Այդուհանդերձ, նրա թեկնածությունը պահպանվեց Բրազիլիայի և Մեքսիկայի կողմից առաջադրումների շնորհիվ։

Նախկին դիվանագետ 65-ամյա Գրոսին, որը 2019 թվականից ի վեր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն է, առաջադրվել է իր հայրենի Արգենտինայի կողմից։

70-ամյա Գրինսպանը, Կոստա Ռիկայի նախկին փոխնախագահը, 2021 թվականից ի վեր ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման գործակալության՝ UNCTAD-ի գլխավոր քարտուղարն է և առաջադրվել է նաև իր երկրի կողմից։

64-ամյա Սալը առաջադրվել է Բուրունդիի կողմից, իսկ նրա հայրենի Սենեգալը Աֆրիկյան միությանը հայտնել էր, որ չի աջակցում նրան։

2016 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մրցում էին 13 թեկնածու։