ԱՄՆ-ը և Իրանը կարող են մոտ ժամանակներս համաձայնագիր ստորագրել

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել մոտ ժամանակներս, բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։ Այս մասին հայտնել է Reuters -ը՝ հղում անելով անվտանգության ոլորտի պակիստանյան աղբյուրին։

Նրա խոսքով՝ կողմերը առաջընթաց են գրանցել կուլիսային դիվանագիտության շրջանակներում, իսկ առաջիկա հանդիպումը կարող է ավարտվել փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։

Ակնկալվում է, որ դրանից հետո 60 օրվա ընթացքում կկնքվի լիարժեք համաձայնագիր։ Գործակալությունը գրում է, որ կողմերն արդեն հասել են սկզբունքային պայմանավորվածությունների, մինչդեռ տեխնիկական մանրամասները կհամաձայնեցվեն ավելի ուշ։

Դիվանագիտական շրջանակների աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ առանցքային միջնորդական դեր է խաղում Պակիստանի զինված ուժերի հրամանատար Ասիմ Մունիրը, ով շաբաթվա կեսերից բանակցություններ է վարում Թեհրանում և կարողացել է առաջընթացի հասնել մի շարք բարդ հարցերի շուրջ: