«Կերոն» հիմնադրամին է փոխանցվել 17-19-րդ դդ․ հազվագյուտ գրքերի և ձեռագրերի հավաքածու
Փարիզի Լատինական թաղամասում գտնվող «Սամուելյան» Արևելյան գրախանութը 95 տարի եղել է հայ մտքի, մշակույթի և պատմության կենդանի կենտրոններից մեկը։ 2016 թվականին գրախանութը փակվեց, իսկ 2025 թվականին Սամուելյանի ժառանգները որոշեցին աճուրդի հանել այնտեղ պահպանվող հազվագյուտ գրքերի և ձեռագրերի ամբողջ հավաքածուն, որը մեծ արժեք է ներկայացնում հայկական մշակույթի և պատմության համար։ Այս մաին հայտնում են «Կերոն» զարգացման հիմնադրամից։
Wilco Wealth Management կապիտալի կառավարման ընկերությանը հաջողվեց մասնակցել աճուրդին և ձեռք բերել 17-19րդ դարերի բացառիկ արժեք ներկայացնող 13 տպագիր գիրք և 5 ձեռագիր՝ ներառյալ աստվածաշնչեր, Նարեկացու «Նարեկ. Գիրք Աղոթքից» հրատարակություններ, Մաշտոցի ձեռագրեր և հեքիմարաններ։ Գիտակցելով այս արժեքավոր նմուշների մշակութային և պատմական նշանակությունը՝ «Wilco» ընկերությունը փոխանցեց դրանք «Կերոն» զարգացման հիմնադրամին՝ որպես վստահելի կառույց, որն իր հիմնական առաքելությանը զուգահեռ իրականացնում է մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման նախաձեռնություններ։

