Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամի կոչը՝ 10-ը եպիսկոպոսներին

Հորդորում եմ երեկ հայտարարություն տարածած 10-ը եպիսկոպոսներին` հրաժարվել այսօր Մայր Աթոռում ծրագրվող սադրանքին մասնակցելուց և մեր ժողովրդին պառակտելու` իշխանությունների գործիքը լինելուց: Այս մասին գրել է Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը:

«Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ` ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի»,- գրել է նա:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ․ «Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։

Ի պատասխան, բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչներ հայտարարել են Մայր Աթոռին իրենց աջակցության մասին և որ այսօր ներկա են լինելու Մայր Աթոռում։