Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է ընթանում
Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է ընթանում։ Պաշտոնապես դեռևս հայտնի չէ, թե ինչ օրակարգով է ժողովը, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների հարցը։ Այսօր Մայր Աթոռում ընթացել է նաև միաբանների ժողով։
Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։ Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։ Այդ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպման հրավիրեց փաստաթղթի տակ ենթադրաբար ստորագրած սրբազաններին։ Հանդիպումը կայացավ նույն օրը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը «շնորհակալություն» հայտնեց իր հետ հանդիպած եպիսկոպոսներին՝ «սկզբունքային դիրքորոշման» համար։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Հատկանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունեցել Մայր Աթոռի հայտարարությունից հետո։
«Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, հանդիպման մասին պաշտոնական հայտարարությունից գրեթե րոպեներ առաջ Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ կա եկեղեցական կանոն՝ որևէ եկեղեցական՝ խոնարհ աստիճանավորից մինչև բարձրաստիճան՝ պետական պաշտոնյաների հետ հանդիպելիս պետք է ունենա իր վերադասի, այս դեպքում՝ Հայոց Հայրապետի օրհնությունը։
«Եթե չկա այդ օրհնությունը, ապա նա կանոնազանց է և ենթակա է եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանության ամենախիստ վճռին»,- նշել էր Հայր Ասողիկը։

