ԵԽ-ը կոչ է անում արգելել մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր. բանաձևն ընդունվել է

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ընդունել են բանաձև, որով կոչ են անում Եվրոպական Միության (ԵՄ) երկրներին արգելել սոցիալական ցանցերը մինչև 16 տարեկան երեխաների մուտքը։ Նման բանաձևի ընդունման անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով սոցցանցերի ազդեցությունը դեռահասների ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա։ Այս մասին հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը։

Բանաձևին ԵԽ 483 պատգամավորներ կողմ են քվեարկե, 92-ը՝ դեմ, իսկ 86-ը՝ ձեռնպահ։ Ըստ բանաձևի, 13-ից 16 տարեկան երեխաները կարող են օգտվել սոցիալական ցանցերից միայն մեծահասակի համաձայնությամբ: Երիտասարդների ինտերնետից կախվածությունը մտահոգություն է առաջացնում Եվրախորհրդարանի պատգամավորների մոտ: Բանաձևը խորհրդատվական է: Յուրաքանչյուր երկիր կձեռնարկի իր սեփական միջոցները։

Աշխարհում արդեն կան դեռահասներին համացանցից օգտվելն արգելող օրինակներ. հաջորդ տարվանից սկսած՝ Մալայզիայում սոցիալական ցանցերը լիովին անհասանելի կլինեն 16 տարեկանից փոքր երեխաների համար: Ավստրալիայում արգելքը ուժի մեջ կմտնի երկու շաբաթից: