Ես Նարեկի և Վազգենի կողքին եմ ոչ միայն այն պատճառով, որ վաղը կարող եմ նույն վիճակում հայտնվել. Արամ Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.
«Ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ ինչ քաղաքական դիրքորոշում ունեն Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ էին նրանք ասել կամ ինչ են ասելու իմ կամ «Առավոտի» հասցեին: Այս պարագայում ինձ համար կարեւոր չէ նաեւ, թե ինչ լրատվամիջոց կամ ինչ հարթակ են նրանք ներկայացնում: Ինձ հետաքրքրում են այլ հանգամանքներ, որոնք քաղաքականության եւ անձնական վերաբերմունքի հետ կապ չունեն:
Ինձ համար կարեւոր է, որ նրանցից մեկի ասածը ամենաշատը վիրավորանք էր, որը քրեական հետապնդում չի ենթադրում: Որ նրանց «ասֆալտին փռելու» որեւէ անհրաժեշտություն չկար՝ նրանք ո՛չ փախչում էին, ո՛չ էլ որեւէ դիմադրություն էին ցուցաբերում: Որ այդ «օպերացիան» իրականացնում էր ԱԱԾ- ն. պետք չէ վարկաբեկել պետության այդ կարեւորագույն կառույցը՝ քաղաքական պատվերներով: Եթե նույնիսկ կար «խուլիգանություն» (որն իրականում չկար), ապա դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը: Ինձ համար բացարձակապես անընդունելի է, որ առգրավվել է լրատվամիջոցի գույքը, եւ այդպիսով փաստացի արգելափակվել է դրա գործունեությունը:
Ես Նարեկի եւ Վազգենի կողքին եմ ոչ միայն այն պատճառով, որ վաղը կարող եմ նույն վիճակում հայտնվել: (Ակնհայտ է՝ որքան մոտենում են ընտրությունները, այնքան ռեպրեսիաները, այդ թվում՝ լրատվամիջոցների դեմ, սաստկանալու են): Բայց խնդիրը միայն դա չէ. ես իմ պարտքն եմ համարում լինել անհիմն հետապնդվողի, հալածվողի կողքին: Մնացած քաղաքական եւ անձնական հարցերը տասներորդական են: Այդպես էր 30 տարվա ընթացքում, այդպես է հիմա, այդպես կլինի նաեւ հետագայում, երբ հալածվողների դերում կլինեն ՔՊ-ականները: Հաշվի առնելով ատելության եւ վրեժխնդրության մթնոլորտը, որը նրանք ստեղծել են, դա միանգամայն հնարավոր է»։

