Հուքերը Բաքվում էլ է միայնակ, բայց հարցն իհարկե միայնակը չէ, այլ «պարիտետը»․ քաղաքական մեկնաբան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Սա ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Ալիսոն Հուքերն է: Երևանից հետո նա մեկնել է Բաքու, ինչպես և ենթադրել էի: Սովորաբար, ամերիկյան այդ ռանգի պաշտոնյաները կատարում են ռեգիոնալ այցեր:
Երևանում մեծ ուշադրության էր արժանացել Հուքերի այցը Ծիծեռնակաբերդ՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպես արդեն հայտնի է, նրան չէր ուղեկցել որևէ պաշտոնյա: Ես ենթադրել էի՝ այդ առնչությամբ առաջացած աղմուկի ֆոնին, որ Հուքերն ըստ ամենայնի կատարել է մասնավոր այց և անգամ ԱՄՆ դեսպանը նրա կողքին չէր:
Բաքվում էլ Հուքերն այցելել է այսպես կոչված Շահիդների պուրակ, որն ինչպես հայտնի է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիաներին մասնակցած զինծառայողների հուշահամալիրն է նաև: Հուքերը այստեղ էլ է միայնակ:
Բայց հարցն իհարկե միայնակը չէ, այլ «պարիտետը»: Նա մասնավոր սկզբունքով այցելել է երկու երկրների պետական արարողակարգ ներառված հուշահամալիրներ:
Սա պաարզապես արտահայտում է Նահանգների քաղաքականության «համաչափությունը» Հայաստանի և Ադրբեջանի հարցում: Սա է այստեղ հիմնարարը, որպեսզի հանրությունը չհայտնվի պատրանքների մեջ, որ մատուցվում է, թե ԱՄՆ պատրաստ է լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր:
ԱՄՆ այդ իմաստով միանգամայն բաց է ներկայացնում իր մոտեցումը՝ անվտանգությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունը կարգավորելն է: Ընդ որում, այդ հարցում Նահանգները ընդհանուր առմամբ միանգամայն լոյալ է այն պատկերացումների հետ, որ տվյալ հարցի առնչությամբ ունեն Բաքուն ու Անկարան: Եվ ոչ թե այն պատճառով, որ բավարար չեն «սիրում» Հայաստանը, այլ որովհետև նրանց համար դա նույնիսկ չորորդ-հինգերորդական հարց է, թե ինչ պայմաններով ու տրամաբանությամբ կլինի այդ կարգավորումը»:

