Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց, նրան դուրս բերեցին քաղաքապետարանի այլ մուտքից
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց, նրան դուրս բերեցին քաղաքապետարանի այլ մուտքից։ Ղուկասյանի փաստաբան Լիլիթ Աղեկյանի խոսքով, նրան տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Նշենք, որ վաղ առավոտից լարված իրավիճակ է Գյումրու քաղաքապետարանի մոտ։ Շենքի տարածքում շարունակում են գտնվել մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Ոստիկանները շրջապատել են համայնքապետարանի շենքը՝ փակելով մուտքերը։ Իսկ քիչ առաջ բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև, կարմիրբերետավորները ուժ կիրառեցին։
Հիշեցնենք, որ ուժայինները Գյումրու քաղաքապետարան են ներխուժել առավոտյան։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։ Ավելի ուշ ՀԿԿ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Գյումրիում 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
Հավելենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»,- ասել է Փաշինյանը:

