Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում քաղաքապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին

Գյումրու քաղաքապետարանի շենքի դիմաց իրավիճակը կտրուկ սրվել է։ Ոստիկանները քաշքշում, հրմշտում, բիրտ ուժ են կիրառում հավաքված քաղաքացիների նկատմամբ, որոնք դեմ են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը։  

Կարմիրբերետավորները բերման են ենթարկում մարդկանց։ Նրանք հեռացնում են քաղաքացիներին քաղաքապետարանի մուտքի մոտից, որպեսզի վերև բարձրանան։ Չնայած լարված իրավիճակին, գյումրեցիները շարունակում են մնալ քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղից պետք է դուրս բերեն ձերբակալված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ 

Նշենք, որ Գյումրիում են փոխոստիկանապետներ Կամո Վարդանյանը, Կարեն Հակոբյանը, նաև պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։