Հանցավոր ծագում ունեցող 425 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի
հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր
տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում
է զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և փողերի
լվացում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին
հայտնում են ՔԿ-ից:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական
հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն
ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետով (հանցավոր
կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը),
319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի
1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի
լվացումը):
Հանցավոր ծագում ունեցող 205 մլն ՀՀ դրամից բացի, պետական բյուջե է վերականգնվել ևս 425 մլն ՀՀ
դրամ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի
մեջ մտած դատավճռով։

