Եղիշե Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի բանաստեղծի մшhվան վկայականը
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցի մահվան 89-րդ տարելիցն է։
1937 թվականի նոյեմբերի 27-ին, 40 տարեկան հասակում, Երևանի բանտի հիվանդանոցում ընդհատվեց մեծ բանաստեղծի կյանքը։
Հիշատակի օրվա կապակցությամբ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի բանաստեղծի մահվան վկայականը՝ որպես նրա կյանքի վերջին էջերի լուռ վկայություն։
Փաստաթուղթը թանգարանին է նվիրել Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, 2024 թվականի նոյեմբերի 27-ին։
Մահվան վկայականը 1957 թվականից պահպանվել է բանաստեղծի դուստրերի մոտ և սերնդեսերունդ փոխանցվել տուն-թանգարանին՝ որպես Չարենցի կյանքի և հիշատակի պատմության կարևոր վավերագիր։
Կնոջն ուղղած Չարենցի վերջին նամակը

Իզաբելլա,
Ողջույն։ Ինչպես եմ ես կարոտում քեզ, Բոժիկին, Ադոկին… Է, լավ է չգրեմ: Աստծով կհանդիպենք իրար:
Ամուր եղիր, հարազատս,— եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, ինչպես մենք ենք: Միայն աշխատիր պահել քեզ ու երեխաներին,— ես քեզանից պահանջում եմ միայն դա։ Թող աստված ձեզ պահապան լինի,— չէ որ մենք, հարազատս, ոչ ոք չունենք:
Համբուրում եմ ձեզ շատ, բյուր միլիոն անգամ և ավելին:
Ձեր՝ Չարենց
6.X.1937, բանտ
1937 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանի ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի բանտից գրված այս մի քանի տողերը դարձան Եղիշե Չարենցի վերջին խոսքն ու հրաժեշտը սիրելի կնոջը՝ Իզաբելլային, և դուստրերին՝ Արփենիկին (Բոժիկ) ու Անահիտին (Ադոկ)։ Նամակից որոշ ժամանակ անց Իզաբելլան նույնպես ձերբակալվեց, իսկ նոյեմբերի 27-ին բանտի հիվանդանոցում դադարեց բաբախել բանաստեղծի սիրտը։

