Խաղահրապարակի մետաղյա սղարանն ընկել էր երեխայի գլխին․ 6 օր հետո նա մահացել է

Բյուրեղավանում խաղահրապարակի մետաղյա սղարանը գլխին ընկնելու հետևանքով հիվանդանոցում հայտնված 6-ամյա երեխան մահացել է։

Այս մասին գրել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։

«6 օր հիվանդանոցում գտնվելուց հետո, 6 տարեկան այս հրաշք բալիկը գնաց հրեշտակների մոտ։

Երբ պետական պաշտոնյաների մասին ասում են՝ ցուցաբերել է հանցավոր անգործություն, ապա դա հենց նման դժբախտությունների մասին է։

Չգիտեմ, անհնար է պատկերացնել ծնողների ու հարազատների ցավը ու չեմ պատկերացնում, թե գոյություն ունի՞ արդյոք այնպիսի սփոփեցնող գոնե մեկ բառ, որ կարելի է ասել այդ մարդկանց»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Օրեր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար։