Ողջունում եմ ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է խաղաղությանը, լինի դա Ադրբեջանի կամ այլ հարևանների հետ, սակայն Արցախի հարցը պետք է ստանա համապատասխան լուծում. Շահրամանյան
Հինգ տարի առաջ այս օրը Ադրբեջանի Հանրապետությունը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ՝ ունենալով մեկ նպատակ՝ տիրել Արցախին։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Շահրամանյանը։
«Ողջունում եմ ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է խաղաղությանը, լինի դա Ադրբեջանի կամ այլ հարևանների հետ, սակայն Արցախի հարցը պետք է ստանա համապատասխան լուծում: Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, իր սրբություններից, գերեզմաններից։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում՝ արժանապատիվ և անվտանգ վերադարձի տեսքով»,– նշեց Շահրամանյանը։

