Քաթարին հաջողվել է «առնվազն երկու շաբաթով» հետաձգել ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Քաթարը կարողացել է «առնվազն երկու շաբաթով» հետաձգել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսումը: Այս լրացուցիչ ժամանակը թույլ կտա շարունակել Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հասնելու դիվանագիտական ջանքերը։

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Քաթարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին Փարիզում կայացած «Մեծ յոթնյակի» (G7) արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

Դիվանագիտական աղբյուրի համաձայն՝ Քաթարի արտաքին գործերի նախարարը Փարիզում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պահպանվում են զգալի տարաձայնություններ, և մի շարք հարցեր, այդ թվում՝ կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի իրականացման ժամանակացույցը, դեռ լուծված չեն:

Հիշեցնենք, որ Քաթարն ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում հիմնական միջնորդն է: