ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը

Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար՝ ՔԿԾ-ն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ժամանակագրությամբ։

1․Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։

2․Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։

3․Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։

4․Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս։

5․Ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է գալիս խցից շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։

6․Ժամը 07:51-ին ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։

7.Ժամը 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։

8.Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։

9․Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։

10.Ժամը 08:27-ից մինչև 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը։

Հիշեցնենք, որ նախօրեին կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը: