Նիկոլ Փաշինյանը մեկ տողով անդրադարձել է 44-օրյա պատերազմի տարելիցին

Նիկոլ Փաշինյանը մեկ տողով ուղերձ է հղել 2020 թ-ի 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ  գրելով՝ «Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Հատկանշական է մեկտողյա այս հիշատակմանը կից նա տեղադրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին արված իր  լուսանկարը, որտեղ ծնկի էր եկել։

Նշենք, որ Փաշինյանն այս օրերին Նյու Յորքում է։ Իսկ ՔՊ-ից դեռ ոչ ոք Եռաբլուր չի այցելել։

Հիշեցնենք, որ այօսր լրանում է  44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցը։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։

Քառասունչորս օր շարունակ ընթանում էին ծանր մարտեր։  Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, ռազմական գործողությունները դադարեցվեցին, իսկ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբ տեղակայվեց։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացրեց Հադրութը, Շուշին, Քաշաթաղը, Քարվաճառը։

Սեպտեմբերի 27-ը դարձավ նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի սկիզբը։

44-օրյա պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Արցախի բնակչության հեռանալուց հետո Արցախը ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Արցախը հայաթափվեց։ Այդ օրերին Ադրբեջանը ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։