ՀՀ-ն ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ
Երևանում սեպտեմբերի 24-ին կայացավ ԱՊՀ երկրների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանով ազդարարվեց այս կառույցում Հայաստանի նախագահության մեկամյա ժամկետի մեկնարկը: Նախագահելու իրավունքը մեր երկրին անցավ Ղազախստանից: Սա Խորհրդի 24-րդ նիստն էր, որի մասնակիցները քննարկեցին ԱՊՀ երկրների՝ այս ոլորտում գործող պատկան կառույցների փոխգործակցության տարբեր հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ կատարվեց գործունեության տնտեսական անվտանգության ապահովմանը, ծայրահեղականության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին, դրամական միջոցների ապօրինի շրջանառությանը, տնտեսական ոլորտում հանցագործությունների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունքներին։ Դիտարկվեցին նաև կադրերի վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը վերաբերող հարցեր:
Մասնակիցներն ընդունեցին օրակարգի հարցերի վերաբերյալ համապատասխան որոշումներ և նախանշեցին հետագա աշխատանքների ուղղությունները։ Նիստին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ինչպես նաև Հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) ուսումնական հաստատությունների և ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ներկայացուցիչները։ Խորհրդին անդամակցող Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները Հայաստան չեն ժամանել և չմասնակցեցին քննարկումներին:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 23-ին տեղի էին ունեցել Համակարգող խորհրդի աշխատանքները և փորձագիտական խմբերի նիստերը:
Նույն օրը պատվիրակությունների անդամները ծանոթացել էին նաև ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատանքներին և այցելեն էին ՊԵԿ շնագիտական կենտրոն։ Սեպտեմբերի 24-ի նիստի սկզբում Ղազախստանի ֆինանսական մոնիթորինգի գործակալության նախագահի տեղակալ Կայրաթ Բիժանովը հայտարարեց Խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելու և դրանք Հայաստանի ներկայացուցչին փոխանցելու մասին:

