Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով.16

Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը

 

Սկիզբը՝ այստեղ 

Անկախ ԱՄՆ-ից (և ոչ միայն…) ոմանց լավատեսական հայտարարություններին, փաստերը հուշում են, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ավելի ճիշտ, Ուկրաինայի հետ և Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմը մոտ ժամանակներս, ցավոք, չի ավարտվի:

Երեկ Աբու Դաբիում ավարտվել են եռակողմ (ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա) բանակցությունները, իսկ այսօր Կրեմլում կայացել են Վլադիմիր Պուտինի բանակցությունները ՌԴ մայրաքաղաք ժամանած ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ:

Աբու Դաբիում կայացած բանակցություններում գլխավոր հարցը Եվրոպայում, այսպես կոչված, անվտանգության ճարտարապետության կառուցումն է եղել։ Բանակցությունների առարկա են եղել նաև հակամարտության ավարտից հետո Մոսկվայի և Կիևի համար անվտանգության երաշխիքները և այլ հարցեր։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցությունների առաջին օրն անվանել է «արդյունավետ»: Զելենսկին հանդիպումը մեկնաբանել է «ռուսների հետ դժվար է» բառերով։ Ռուսաստանի փոխարտգործնախարար և պատվիրակության անդամ Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ բանակցությունների ընթացքը գնահատելը «դեռ վաղ է»:

ՌԴ նախագահի օգնական և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը մոտեցել են խաղաղությանը, բայց հավելել, որ շատ բան կախված է Ուկրաինայից, Միացյալ Նահանգների դիրքորոշումից, ինչպես նաև նրանից, թե արդյոք խելքի կգա՞ Եվրոպան…

Անդրադառնանք Կրեմլում այսօր կայացած բանակցություններին, որին ռուսական կողմից մասնակցել են նաև նախագահի օգնականներ Յուրի Ուշակովը և Վլադիմիր Մեդինսկին, նախագահի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, որոնք նաև Աբու Դաբիում կայացած բանակցությունների անմիջական մասնակիցն են եղել: Այն փաստը, որ բանակցությունների հենց հաջորդ օրը Ուիթկոֆը և Քուշները շտապել են Մոսկվա՝ ՌԴ նախագահի հետ անձամբ հանդիպելու և բանակցելու, վկայում կամ առնվազն հուշում  է, որ Աբու Դաբիում հիմնական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել:

 

«Գորշ գոտիների» և Եվրոպայի հետ երկխոսության մասին

Պուտինը նշել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում տարածքների հարցերը բարձրացվում են տարբեր կողմերից, Ռուսաստանի համար ավելի կարևոր են մարդիկ, իրենց արժեքներով ապրելու նրանց հնարավորությունը:

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանում տեղյակ են «գորշ գոտիների» հարցը բարձրացնելու ուկրաինական կողմի փորձերի մասին: «Գորշ գոտիների» պահպանումը, նախագահի կարծիքով, ցանկացած պայմանավորվածություն կզրկի կայունությունից ու տևական խաղաղությունն անհասանելի կդարձնի: Սա նշանակում է, որ Կրեմլը, որպես փոխզիջում և հնարավոր պայմանավորվածության կայունության ու տևական խաղաղության երաշխիք, պատրաստ է Ուկրաինային հանձնել Սումիի մարզում, Խարկովում և այլուր անվտանգային նկատառումներով, որպես բուֆերային գոտի, իր գրաված տարածքները:

Պուտինը միաժամանակ նշել է, որ Մոսկվայի դիրքորոշումը շատ հստակ է. Ուկրաինայի հետ սահմանազատման միակ ընդունելի գիծը պետական սահմանն է: Սա նշանակում է, որ Ղրիմից և ազատագրված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից բացի, Ուկրաինայի կողմից կամավոր կերպով, կամ Ռուսաստանի կողմից Հատուկ ռազմական գործողության միջոցով պետք է լիովին ազատագրվեն նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը:

Սակայն, ինչպես արդեն վկայում են ԶԼՄ-ներում հրապարակված բազմաթիվ տեղեկություններ, Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Զելենսկին և իր հանցախումբը կտրականապես դեմ են Ռուսաստանի առաջադրած այս պայմանին, պատրաստ չեն տարածքային զիջման, ինչը հակամարտության շարունակումը դարձնում է անխուսափելի:

Ինչ վերաբերվում է Եվրոպայի հետ երկխոսությանը, ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան չի փակել դուռը Եվրոպայի հետ խոսելու համար, այն ընդհատել են հենց եվրոպացիները: Եվ թերևս ամենակարևորը. անդրադառնալով Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զինվորականների հնարավոր ներկայությանը, Պուտինը հիշեցրել է, որ հակամարտության հենց սկզբից Մոսկվան հայտարարել է նման սցենարի անընդունելիության մասին։ Նրա հավաստմամբ, Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորք կդառնա օրինական թիրախ ՌԴ Զինված ուժերի համար։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի տարածք Եվրոպայի ռազմական ուժեր մտցնելու դեպքում «պատերազմը կվերսկսվի»:

Պուտինը նկատի ունի խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումից հետո պատերազմի վերսկսումը, մինչդեռ Եվրոպայում արդեն որոշում են ընդունել հակամարտությունը դեռ չավարտված, դրա շարունակման պայմաններում Ուկրաինա ռազմական ստորաբաժանում մտցնելու մասին, որը, եթե հայտարարությունից վերածվեց գործի, իսկ Պուտինն էլ իր խոսքի (Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորք կդառնա օրինական թիրախ ՌԴ Զինված ուժերի համար) տերը եղավ, կարող է հանգեցնել միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը կազդի եվրոպացիների վրա, որպեսզի նրանք վերջապես կողմնորոշվեն՝ նրանց խաղաղությո՞ւն է պետք, թե պատերազմ։ Նրա խոսքով՝ ինքը կցանկանար, որ ուկրաինական հողում խաղաղությունը հավերժ լիներ։

 

Սթիվ Ուիթկոֆի Հայտարարությունները

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի խոսքով՝ եվրոպական երկրները չեն մասնակցել Աբու Դաբիի բանակցություններին, սակայն տեղյակ են եղել շփումների ընթացքին։ Ուիթկոֆը խոստացել է Վլադիմիր Զելենսկուն տեղեկատվություն փոխանցել Պուտինի հետ այսօրվա հանդիպման արդյունքների մասին։

 

Ջարեդ Քուշների Հայտարարությունները

Քուշները նշել է, որ ԱՄՆ-ն արձանագրում է եվրոպական երկրների պատրաստակամությունը՝ միանալ բանակցություններին և նպաստել Ուկրաինայում հակամարտության ավարտին: Լո՞ւրջ… Այն եվրոպական երկրների՞, որոնք հետևողականորեն շարունակում են Ուկրաինայի միջոցով ՌԴ-ին ռազմավարական պարտության մատնելու իրենց քաղաքականությունը՝ մեկը մյուսի հետևից միլիարդավոր եվրոների սպառազինություն, հետախուզական տեղեկություններ, ինչպես նաև ահռելի ֆինանսական միջոցներ տրամադրելով պաշտոնական Կիևին:

Ըստ Քուշների, Վաշինգտոնն արդեն սկսել է եվրոպացի գործընկերների հետ քննարկել եվրոպական մայրցամաքում անվտանգության ապագա ճարտարապետությունը։ Առաջիկայում կտեսնենք՝ Մոսկվան կհամաձայնի՞ բանակցություններին եվրոպական երկրների ներկայացուցչի կամ ներկայացուցիչների միանալուն (ինչը նախկինում մերժել է), ընդ որում, անկախ նրանից, թե ԵՄ-ն կամ եվրոպական այլ կառույց այդ դերում ում կառաջադրի:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան