ՀՀ-ն և Ադրբեջանը հրավիրվել են նախարարների, իսկ Վրաստանը՝ դեսպանի մակարդակով․ Վրաստանը դժգոհ է ԵՄ-ից

«Վրաստանին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից Լյուքսեմբուրգում նախատեսված նախարարական հանդիպմանը դեսպանի մակարդակով հրավիրելը վկայում է Եվրամիության ինստիտուտների կողմից անլուրջ վերաբերմունքի մասին և ցույց է տալիս ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև պարզ աշխարհագրական իրականության անտեսում», – հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

1tv.ge-ի կողմից ներկայացված Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշված է. «Վրաստանը դեսպանի մակարդակով չի մասնակցի հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում նախատեսված նախարարական հանդիպմանը, որին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հրավիրում է Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարներին։ Նախարարների հանդիպմանը դեսպանի մակարդակով հրավերքն անընդունելի է, և այս մոտեցման հիմնավորումը մնում է անհասկանալի»։