Մատենադարանում ընթանում է Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով
Մատենադարանում ընթանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով։
Բացման խոսքով ելույթ է ունեցել Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ներկայացնելով Տեր-Պետրոսյանի գիտական գործունեությունը ասել է․ «Որպես պետական այր և քաղաքական գործիչ, իր մասին շատ բան է գրվել և ապագայում շատ ավելին է գրվելու։ Մեր նպատակն է՝ ներկայացնել վաստակաշատ արևելագետ-հայագետի գիտական ժառանգությունը, նրա ներդրումը բանասիրության և պատմության ասպարեզում»։
Գիտաժողովի հիմնական թեմաները նվիրված են լինելու հայ-ասորական կապերին, Կիլիկիայի հայկական թագավորության պատմությանը, հայ թարգմանական գրականությանը. բնագավառներ, որոնց մասնագետն է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նշենք, որ գիտաժողովին ներկա է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։
Արևելագետ, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1978–1985 թթ. վարել է Մաշտոցի անվան մատենադարանի գիտնական-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մատենադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ եւ պատասխանատու քարտուղար։ 1985-ից՝ նույն հաստատության ավագ գիտաշխատող է (2001–ից՝ հասարակական կարգով)։

