Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի նախագահի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում հանդիպում է անցկացրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

«Ես հանդիպեցի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ: Այժմ գլխավոր խնդիրն արդար և երկարատև խաղաղության հասնելն է՝ հուսալի անվտանգության երաշխիքներով»,- նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ մանրամասն քննարկվել են Ուկրաինայի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և աշխարհի այլ գործընկերների ջանքերը՝ Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու և սպանությունները դադարեցնելու համար:

«Մենք նաև անդրադարձանք առևտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաև ղազախական ընկերությունների հետաքրքրվածությանն Ուկրաինայի վերականգնմանը մասնակցելու հարցում։

Ես շնորհակալություն եմ հայտնում Ղազախստանին Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու համար»,- եզրափակել է Զելենսկին։

Զելենսկին նաև հանդիպում է անցկացրել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիևայի հետ և քննարկել Ուկրաինայի կառավարության և ԱՄՀ-ի միջև հետագա սերտ համագործակցության վերաբերյալ հարցեր։