ՊԵԿ նախկին նախագահին Սամվել Կարապետյանի խցից տեղափոխել են. փաստաբան
Ձերբակալված ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը գործարար–բարերար Սամվել Կարապետյանի հետ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում գրեթե մեկ ամիս նույն խցում է նստած եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց գործարարի փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Ֆերոյանի խոսքով` անհասկանալի պատճառներով Վարդան Հարությունյանին հետո տեղափոխել են այլ խուց։
Խցակիցների խոսակցությունները եղել են բացառապես կենցաղային թեմաներով, ինչը հիասթափեցրել է իրավապահերինն, որից հետո որոշվել է «վերաբնակեցնել» ՊԵԿ նախկին ղեկավարին։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։
Հետաքրքիր է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները Կարապետյանի հասցեին, որը փաստաբանները գնահատում են իբրև քննությանն ուղիղ միջամտելու և իրավապահներին ուղղորդելու փորձ։ Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները փոփոխություններ իրականացրին օրենսգրքում և փաստացի Կարապետյան ընտանիքից վերցրին ՀԷՑ-ը կառավարելու գործառույթը՝ նշանակելով ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին իբրև կառավարիչ։

