Ռուբեն Հակոբյանին դատարանը երկու ամսով կալանավորեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանին ձերբակալել էին հարցազրույց տալու ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար: Այս մասին հայտնել էր ՔԿ խոսնակը:
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: 2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը Հակոբյանը դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

