Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է անօրինական ռեժիմի կողմից գրավված երկիր և Թբիլիսիին կոչ արել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ, վերանայել Վրաստանի հետ ասոցացման համաձայնագիրը և ոչ վիզային ռեժիմը, ինչպես նաև երկրում անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ։

Եվրոպացի պատգամավորները հաստատել են Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գրավված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայներով։

«Վրաստանում առկա քաղաքական և սահմանադրական ճգնաժամի լուծումը կարող է իրականացվել միայն նոր խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք պետք է տեղի ունենան առաջիկա ամիսներին՝ բարելավված ընտրական միջավայրում, միջազգային և անկախ ներքին դիտորդների խիստ հսկողության ներքո՝ ապահովելու իսկապես արդար, ազատ և թափանցիկ գործընթաց, որը կարտացոլի ժողովրդի իրական կամքը», – նշվում է զեկույցում։